Երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել. Մհեր Գրիգորյանը՝ ՀԲ տարածաշրջանային փոխնախագահին

Երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել. Մհեր Գրիգորյանը՝ ՀԲ տարածաշրջանային փոխնախագահին

17:17 14 Մրտ, 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ:

Կառավարությունից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի եւ Համաշխարհային բանկի «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի մշակման ուղղությամբ ՀԲ-ի հետ կատարված արդյունավետ աշխատանքի մասին եւ գոհունակությամբ նշել, որ փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրում ներառված հիմնական դրույթներին: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությունը հետեւողական կերպով կզարգանա եւ կընդլայնվի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Կառավարության պատրաստակամությունն ու ձգտումը:

Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին ներկայացրել է Կառավարության կողմից ուրվագծված այն բարեփոխումները, որոնց իրականացումը կնպաստի երկրի զարգացմանը:

Որպես գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է մրցակցային տնտեսության ձեւավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մարդու իրավունքների եւ կապիտալի պաշտպանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել: Փոխվարչապետը շեշտել է ենթակառուցվածքների եւ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ կապիտալի շուկայի ձեւավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների իրացման համար հարթակի ստեղծման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ զրուցակիցները դրա հետեւանքների հետ մեկտեղ կարեւորել են պատճառների վերացումը:

Ի թիվս այլ հարցերի՝ փոխվարչապետն ու ՀԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել նաեւ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի շուրջ:

loading...