Մաֆիայի պարագլուխը սպանվել է Նյու Յորքում

Մաֆիայի պարագլուխը սպանվել է Նյու Յորքում

13:50 14 Մրտ, 2019

ԱՄՆ-ում սպանել են Գամբինո ընտանիքի՝ հինգ խոշոր ու ազդեցիկ կլաններից մեկի պարագլուխ համարվող Ֆրանչեսկո Կալիին, որը վերահսկում էր կազմակերպված հանցավորությունը Նյու Յորքում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Տղամարդուն սպանել են չորեքշաբթի երեկոյան, Սթաթեն Այլենդի իր տան առջեւ։ Ոստիկանության աղբյուրները տեղեկացրել են, որ 53-ամյա Կալին սպանվել է վեց փամփուշտով։ Դրանից հետո հրաձիգը կապույտ պիկապով մի հատ էլ անցել է զոհի վրայով։

Տուժածին հասցրել են Սթաթեն Այլենդի Համալսարանական հիվանդանոց, որտեղ փաստել են նրա մահը, գրում է New York Post-ը։ Սպանության պահին Կալիի (որը հայտնի է նաեւ Ֆրենկի Բոյ մականունով) կինն ու երեխաները տանն են եղել։

Սպանության դրդապատճառները պարզվում են։ ՀԴԲ դետեկտիվներն ու գործակալները, մասնավորապես, պարզում են, թե արդյոք սպանությունն արտոնվել է Նյու Յորքի «հինգ ընտանիքների» հանձնաժողովի կողմից։

Կալին ծնունդով Սիցիլիայից էր։ Նա դե ֆակտո դարձել էր Գամբինո կլանի պարագլուխ 2015-ին՝ փոխարինելով ծերացած Դոմենիկո Չեֆալուին։ New York Post-ը նշում է, որ Ֆրենկի Բոյը հազվադեպ էր հայտնվում մարդկանց մեջ, նրան բնորոշում էին նաեւ որպես «հին դպրոցի» ավանդույթների կողմնակցի։

2008 թվականին Կալին դրամաշորթության մեղադրանքով 62 ձերբակալվածների մեջ էր։ Այն ժամանակ նա իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության նպատակով դավադրության մեջ եւ բանտում մնացել 16 ամիս։

Նշվում է, որ Կալին Նյու Յորքում 1985 թվականից ի վեր մաֆիայի առաջին պարագլուխն է, որի «հաշիվները մաքրեցին»։ Այն ժամանակ Մանհեթենում սպանել էին Փոլ Կաստելանոյին, որը ղեկավարում էր Գամբինո ընտանիքը։

«Հինգ ընտանիքները» իտալա-ամերիկյան մաֆիայի ամենախոշոր եւ ազդեցիկ կլաններն են, որոնք վերահսկում են կազմակերպված հանցավորությունը Նյու Յորքում. Բոնանո, Գամբինո, Ջենովեզե, Կոլոմբո եւ Լուկեզե։ Ազդեցության գոտիները սահմանազատվում են հատուկ խորհրդի՝ հանձնաժողովի նիստում։

loading...