ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել են Արցախում հայ փախստականների վիճակը

ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել են Արցախում հայ փախստականների վիճակը

11:10 14 Մրտ, 2019

Ադրբեջանից հայ փախստականների Արցախյան միության ղեկավար Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Արցախում հայ փախստականների վիճակը։

Սարասար Սարյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունում ապրում է 30 հազար հայ փախստական, որոնք զրկվել են միջազգային աջակցությունից եւ օգնությունից, այդ թվում ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են մասնագիտացված միջազգային կազմակերպությունների Արցախ այցելություններին։ Նման իրավիճակը, Ադրբեջանից հայ փախստականների Արցախյան միության ղեկավարի կարծիքով, խտրականություն է եւ փախստականների հիմնարար իրավունքների ակնհայտ ոտնահարում։

Միեւնույն ժամանակ, Սարասար Սարյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն փախստականների հարցը դիտարկում է բացառապես քաղաքական շահաբաժին ունենալու համատեքստում՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանություններն իրենց փախստականներին պահել են վրանավաններում՝ նրանց քարոզչական նպատակներով օգտագործելու համար։

Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է այցելել Արցախ եւ տեղում ծանոթանալ Արցախում հայ փախստականների վիճակին։

loading...