Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք. Փաշինյանը՝ Զուրաբիշվիլիին

Մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք. Փաշինյանը՝ Զուրաբիշվիլիին

17:22 13 Մրտ, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Վրաստանի նախագահի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախագահ,

Ուրախ եմ Ձեզ եւ Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, եւ դա ընդգծում է մեր կառավարության եւ անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը եւ կարեւորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա եւ ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարեւան, բարեկամ Հայաստանում:  Ես եւս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, եւ կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից եւ աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել եւս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել եւ շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձեւաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:

Հայաստանի վարչապետը եւ Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել համագործակցության հետագա զարգացումը: Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարեւորությունը եւ մտքեր փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները:

loading...