Նոր իշխանությունները կշարունակեն գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ

Նոր իշխանությունները կշարունակեն գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ

13:16 13 Մրտ, 2019

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա սեմինար՝ «Խորհրդարանական վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հանդեպ» թեմայով։ Այս մասին մարտի 13-ին, սեմինարն սկսվելուց առաջ, Ազգային ժողովում ասել է «Իմ քայլը» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձել է քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցած տարի եւ հանգեցրել իշխանափոխության՝ ընդգծելով, որ «դա հաջողվել է բացառապես շնորհիվ ժողովրդի ակտիվ դիրքորոշման եւ կամքի»։

Այնուհետեւ նա նշել է, որ Հայաստանը երկար տարիներ լավ գործընկերային հարաբերություններ է ունեցել ՆԱՏՕ-ի հետ՝ հավելելով, որ նոր իշխանությունները կշարունակեն նախկին գիծը։ Փոխնախագահի հավաստմամբ՝ նորընտիր խորհրդարանը բարձր է գնահատում համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ երկու կողմերի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում փոխշահավետ եւ փոխլրացնող քաղաքական համագործակցությունը, ծավալուն միջխորհրդարանական եւ բազմապրոֆիլ հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմ ծրագրերի իրականացումը ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ակտիվորեն մասնակցում է խաղաղարար առաքելություններին՝ խաղաղության եւ կայունության պահպանման նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական անգամ ընթանում է ՆԱՏՕ շաբաթը։

loading...