Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ընթանում է ոչ կայուն ռիթմով. նախարար

Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ընթանում է ոչ կայուն ռիթմով. նախարար

11:09 13 Մրտ, 2019

Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների ներկա մակարդակն ամբողջությամբ չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Վերջին տարիներին, չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակին, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ընթանում է ոչ կայուն ռիթմով, իսկ երկկողմ առեւտրային ցուցանիշները բավականին ցածր են, երկկողմ առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների ներկա մակարդակը ամբողջությամբ չի արտացոլում 2 երկրների տնտեսաական ողջ ներուժը»,–իր ելույթում նշեց նախարարը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ միայն համատեղ ջանքերն ու առկա ներուժը ամբողջությամբ կիրառելու շնորհիվ Հայաստանը եւ Բուլղարիան կարող են խորացնել երկկողմ համագործակցությունը տնտեսության ոլորտում. «Երկու երկրների գործարարների եւ գործարար ասոցացիաների միջեւ կապերի ամրապնդումը նույնպես կարող է մեծապես նպաստել բոլոր բնագավառներում հայ–բուլղարական հարաբերություններին։ Պետք է օգտագործել բոլոր հարթակները, որոնք կարող են նպաստել Բուլղարիայի եւ Հայաստանի  առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը»։

Նախարար առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարող են խթանել հայ–բուլղարական համագործակցության հետագա զարգացմանը. «Քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների բարելավման եւ առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ, ինչը թույլ կտա իջեցնել տրանսպորտային բաղադրիչի արժեքները»։

Նա շեշտեց՝ Հայաստանը կարեւորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման եւ նորարարական մոտեցումների կիրառման, նոր աշխատատեղերի ստեղծման խթանման գործիք։

«Բացի այդ, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ իրականացվում է համագործակցություն գյուղատնտեսության, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության բնագավառներում։ Զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շարունակաբար համագործակցում է  Բուլղարիայի հետ։ Ակտիվ համագործակցություն է իրականացվում նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտում»,–նշեց նա։

Նախարարը ներկայացրեց նաեւ ենթակառուցվածների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարութան ծրագրերը՝ շեշտը դնելով «Հյուսիս–հարավ» նախագծի վրա։

Հակոբ Արշակյանը կարեւորեց նաեւ ՀՀ կառավարության քայլերը մի շարք ոլորտներում նորարարության եւ առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ. «Ջանք չենք խնայում խթանելու հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձեւավորման, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող հայկական արտադրանքի պատշաճ ներկայացման համար։ Քայլեր են ձեռնարկվում նպաստելու միջազգային տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան։ Հայաստանում մրցակցային բարձր առավելություններ ունեցող տեխնիկական եւ գիտատեխնիկական աշխատուժի շնորհիվ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների եւ միջազգային կազմակերպությունների համար նպաստավոր եւ շահավետ ներդրումային պայմաններ են ապահովում»,–եզրափակեց նա։

Նշենք, որ սա Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստն է։ Հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, բուլղարական կողմի նախագահն է՝ Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովը:

loading...