Իվետա Տոնոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը

Իվետա Տոնոյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը

12:59 11 Մրտ, 2019

Այլ կարծիք լինել չի կարող: Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ կան մի քանի կետեր, որոնք մտահոգություն են հարուցում: «Մասնավորապես՝ այն, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները երկրորդ պլան են մղվում: Մեր կուսակցությունը բազմիցս արտահայտել է այս հարցում իր տեսակետը, եւ կարծում եմ, որ այս դեպքում միայն այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը Ադրբեջանում մեծ ոգեւորվածությամբ ու խանդավառությամբ են ընդունել, արդեն շատ բանի մասին է վկայում»,- նշեց պատգամավորը:

Տոնոյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի կոշտ դիրքորոշումը եւ Ղարաբաղին ուղղված ռազմական գործողությունների վերսկսման անվերջանալի սպառնալիքները հաշվի առնելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անընդունելի է, հատկապես հայկական կողմից զիջումների մասը:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ ոչ մի հարց չի կարող լուծվել առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը:

loading...