Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

14:01 14 Փտր, 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Նախարարությունից 1lur.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաեւ ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ գիտատեխնիկական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը բոլոր ժամանակներում էլ առաջատար դիրք է ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ այժմ էլ ակնհայտ են ունեցած մեծ ներուժն ու զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաեւ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությանը՝ դրանում առանձնացնելով հատկապես երկաթուղային տրանսպորտի դերը։ Քննարկվել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեության, ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներում երկուստեք շահավետ պայմաններով համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր։

Նշվել է, որ առաջիկայում տեղի կունենա երկու երկրների տրանսպորտի ոլորտի մասնագետների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախատեսվում է հստակեցնել եւ կարգավորել փոխադրումների ընթացքում մեկանգամյա թույլտվությունների կարգավորման հարցը։

Նախարարը ողջունել է նաեւ Լարսի այլընտրանքային ցամաքային ճանապարհի շուրջ ընթացող բանակցությունները՝ նշելով, որ այդ ճանապարհի գործարկումը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։

loading...