Տնտեսական հեղափոխության նախադրյալներ այս ծրագրում չկան.Վահե Էնֆիաջյան

Տնտեսական հեղափոխության նախադրյալներ այս ծրագրում չկան.Վահե Էնֆիաջյան

13:25 14 Փտր, 2019

Մեր դիրքորոշումը հստակ է եւ եթե մեր մոտեցումներն ընդունելի չլինեն, բնականաբար ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Այն իրատեսությունը, որ փորձում ենք հաղորդել այս ծրագրային դրույթների հետ կապված, առիթ ունեցել ենք բարձրաձայնելու: Այն է՝ կոնկրետ մատնանշել աղբյուրները, ժամանակացույցերը եւ ինչպես է իրականացվելու այս կամ այն խնդրի լուծումը: Եթե քաղաքական հայտարարություն կլինի, որ ընդունելի են մեր ներկայացրած մոտեցումները, բնականաբար, մենք կքննարկենք եւ մեր որոշումը կներկայացնենք: Եթե մեր մոտեցումներն ընդունելի չլինեն, բնականաբար ԲՀԿ-ն դեմ կքվեարկի ծրագրին»,-ասաց Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ իրենք առաջարկել են, որ ծրագրում ավելացվի 9-րդ գլուխը, որի բովանդակությունը ինքը ներկայացրել է իր ելույթում. «Վարչապետի ամփոփիչ ելույթի ժամանակ կտեսնենք, թե ինչպիսին է նրա դիրքորոշումը, իսկ Նաիրա Զոհրաբյանը մեր պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի»:

Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, Էնֆիաջյանը նկատեց, որ իհարկե, դա պետք է իրականացնել. «Բայց տնտեսական հեղափոխություն ասածն իր մեջ պետք է նախադրյալներ պարունակի: Այդ նախադրյալներն այս ծրագրում չկան: Պետք է ծրագիրը չափորոշիչներ պարունակի, մինչդեռ այնտեղ ավելի շատ հանդիպում ենք «պետք է իրականացնել», «ցանկալի է իրականացնել», «երջանկության զգացողություն» արտահայտություններին: Սա վերացական ընկալելիություն է եւ խնդիրների լուծման բանաձեւերը չկան:

Մեզ համար ամենակարեւոր հարցը ոչ թե ծրագրում ներառելն է, այլ կյանքի կոչելը: Մեզ համար նաեւ բովանդակությունն է կարեւոր, ոչ թե բառակապակցություններ են, իրատեսություն պետք է լինի՝ որտեղից, ոնց, ինչ քայլերի հերթականությամբ եւ ինչ ժամանակցույցով»:

Հարցին, թե ինքը երջանկության զգացողություն ունի՞ այս ծրագիրը կարդալիս, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Երջանկության զգացողությունը յուրովի զգացողություն է, այստեղ ձեզնից յուրաքանչյուրը երջանկության զգացողությունը յուրովի է ընկալում: Դա զգայական բան է, կառավարության ծրագիրը պետք է լինի ավելի շոշափելի ու կանխատեսելի»:

loading...