Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, նրա դստերը ինքնսպանության փորձի հասցնելու համար

Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, նրա դստերը ինքնսպանության փորձի հասցնելու համար

11:22 11 Հնվ, 2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաեւ մտերմացել է Երեւան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց  նրանց միջեւ ձեւավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը եւ վերջինիս երեխաներին: 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել եւ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինսի կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր եւ տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել եւ հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաեւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձեւով մարմնական վնասվածք:

2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստները, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին եւ կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ եւ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետեւ՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը եւ 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի եւ մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետեւ դուրս եկել մեքենայից, կնոջը եւս քաշելով դուրս բերել եւ գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձեւով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին եւ ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» եւ «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 եւ 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ), 117-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

loading...