Չարաշահումներ բնապահպանության պետական տեսչությունում

Չարաշահումներ բնապահպանության պետական տեսչությունում

19:24 9 Jan, 2019

 

Բացահայտվել են բնապահպանության պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, ինչպես նաեւ կաշառք տալու եւ ստանալու դեպքեր։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017թթ. ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության մի շարք անտառտնտեսություններում ստուգումներ իրականացնող խմբերում, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, ավելին՝ ոչնչացրել են հիշյալ անտառտնտեսություններում ստուգման ընթացքում կազմված, պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող հաշվեգնահատման ցուցակները, իսկ ստուգման արդյունքներով կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտերում մտցրել ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նվազեցնելով տվյալ անտառտնտեսություններում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակն ու պատճառված վնասի չափը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը։ Բացի այդ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացված ստուգումների ընթացքում ակնհայտ ապօրինի հիշյալ գործողությունները կատարելու համար անտառպետությունների անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք. բացահայտվել է նման չորս դրվագ:

 Քննությամբ պարզվել են նաեւ քաղաքացիների կողմից տարբեր անտառապետերին կաշառք տալու մի շարք դեպքեր։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նշված առերեւույթ հանցավոր դրսեւորումներին առնչություն ունեցած տաս անձի ինքնություն, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է  առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։ Նույն տեսչության  անտառների վերահսկողության եւ կենսաբազմազանության բաժնի պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (3 դրվագ) եւ 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով,  իսկ նույն բաժնի պաշտոնատար անձ հանդիսացող հինգ նախկին տեսուչներիի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով,  մեկ  քաղաքացու մեղադրանք է առաջադրվել  ապօրինի ծառահատումներ իրականացնելու եւ կաշառք տալու համար՝296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), եւս երկու քաղաքացու՝  կաշառք տալու համար՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցից մեկին 7 դրվագով, մյուսին՝ երկու։

Բաժնի պետի նախկին տեղակալի եւ երեք քաղաքացիների մասով գործն անջատվել է առանձին վարույթ եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության եւ կենսաբազմազանության բաժնի հինգ նախկին աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են կատարվել ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալին  հայտնաբերելու, ապօրինի ծառահատումներին, կոռուպցիոն դրսեւորումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

loading...