2018-ին Արցախի բանակի զինանոցը համալրվել է նորագույն զինատեսակներով. ՊԲ հրամանատարի ուղերձը

2018-ին Արցախի բանակի զինանոցը համալրվել է նորագույն զինատեսակներով. ՊԲ հրամանատարի ուղերձը

15:01 29 Դկտ, 2018

Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի Ամանորի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնմավորապես, ասված է. 

«Պաշտպանության բանակի սիրելի

զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ,

պարոնայք սպաներ եւ գեներալներ,

հարգելի հայրենակիցներ

Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլեւ մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու  ռազմատեխնիկական ներուժը:

Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետեւողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման եւ նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների եւ ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:

Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի եւ բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարեւորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ:

Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:

Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության եւ զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով եւ, որ շատ կարեւոր է՝  արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաեւ հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսեւորումը գտավ «բանակ-հասարակություն» կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում:

Բանակային տարվա կարեւոր ձեռքբերումներից է նաեւ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից:

Վերոնշյալ դրական տեղաշարժերի շարքը կարելի շարունակել: Սակայն, ինչպես ասում են, կատարելիությունը սահման չունի: Ուստի վստահեցնում եմ բոլորիս, որ գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու եւ նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան:

Ավարտելով խոսքս թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի եւ ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին եւ ողջ հայությանը Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների առթիվ: Թող որ 2019 թվականը մեր ժողովրդի համար լինի արգասաբեր տարի:

Շնորհավոր Նոր տարի:

loading...