2018թ. հնագիտական գտածոները

2018թ. հնագիտական գտածոները

16:02 22 Դկտ, 2018

Հնագիտական հայտնագործությունները հիշեցնում են մեր նախնիների ստեղծագործական մտածողության մասին։ Դա նաեւ հիանալի հնարավորություն է՝ ճանապարհորդելու ժամանակի մեջ եւ ավելի լավ ճանաչելու դարավոր պատմությունը։ Ներկայացնում ենք, ըստ մեզ, 2018թ. կարեւոր հնագիտական գտածոները։

Դեռեւս չբացահայտված դամբարան Եգիպտոսում 

Դեկտեմբերին հնագետները Եգիպտոսում, Կահիրեի մոտ գտնվող Սակկարա դամբարանադաշտի շրջանում հայտնաբերել են ավելի քան չորս հազարամյա դամբարան։ Գիտնականները ենթադրում են, որ այն պատկանում է Նեֆերիրկարա Կակաիի՝ հնագույն թագավորության V հարստության երրորդ փարավոնի կառավարման շրջանին։

Դամբարանի ներսում որմնանկարներ են եւ 45 արձանիկ։ Հնագետները նախատեսում են դրանք հանել դամբարանից՝ ուսումնասիրելու համար։

Լիտվական հայտնագործություններ

Նոյեմբերի վերջին, Կլայպեդայի երաժշտական թատրոնի վերակառուցման ժամանակ, գտնվել է գանձ՝ Պրուսական թագավորության դրամներով։ Ցեխակույտի մեջ հայտնաբերվել են Պրուսական թագավորության մանրադրամներ՝ հատված 1780թ.։ Միայն թե հասկանալի չէ, թե ինչպես են դրանք հայտնվել այնտեղ։

Բացի այդ, պեղումների վայրում գտել են XVII դարի թրծված հախճասալիկներ՝ երկգլխանի արծվի պատկերով, հին կաշվե երկարաճիտ կոշիկներ։ Որոշել են գտածոները տեղավորել Փոքր Լիտվայի Պատմության թանգարանում։

Հունիսի վերջին Կաունասում, Լայսվես ծառուղու վերակառուցման ժամանակ, աշխատողները գանձ են գտել. կճուճ՝ լեհական թագավոր եւ Լիտվայի մեծ իշխան Սիգիզմունդ Օգոստոսի ժամանակների՝ XVI դարի ավելի քան 350 մետաղադրամով։ Գանձը բարձրացվել է էքսկավատորի շերեփով։

Կճուճի մեջ հայտնաբերվել են կանաչ գույնի մետաղադրամներ եւ կավե իրեր, դրամներից մեկի վրա նշված է հատման տարեթիվը՝ 1566թ.։ Մշակութային ժառանգության վարչության ներկայացուցիչ Սվայգեդաս Ստոշկուսն ասել է, որ այն տեղամասում, որտեղից աշխատողները գտել են գանձը, ժամանակին գտնվել է քաղաքի պաշտպանական պատը։

Մայաների տասնյակ հազարավոր կառույցներ

Փետրվարին հնագետները Գվատեմալայի ջունգլիներում հայտնաբերել են մայաների քաղաքակրթության ավելի քան 60 հազար կառույցների փլատակներ։ Հայտնագործությունն արվել է լազերային տեխնիկայի օգնությամբ, որն ի զորու է հայտնաբերելու կառույցներ արեւադարձային անտառի խիտ «քողի» ներքո, տեղեկացրել է Բի-Բի-Սի-ն։

Նշվում է, որ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Կենտրոնական Ամերիկայում գոյություն է ունեցել ոչ պակաս զարգացած քաղաքակրթություն, քան Չինաստանում կամ Հին Հունաստանում։

Բուրգ Ինդոնեզիայում

Գիտնականների միջազգային խումբը գեոռադարների օգնությամբ ուսումնասիրել է վիթխարի թումբ Ինդոնեզիայի Ճավա կղզում եւ եկել եզրահանգման, որ այստեղ կարող է գտնվել Երկրագնդի հնագույն տաճարներից մեկը։

Զեկույցը ներկայացվել է Ամերիկյան աշխարհագրական միության (AGU) ամենամյա նստաշրջանին։ Խոսքը Պադանգ լեռան գագաթին խորհրդավոր բրգաձեւ կառույցի մասին է։ Հնագիտական հուշարձանը՝ Գունունգ Պադանգ անունով, հայտնաբերվել է XIX դարասկզբին։

Բլրի գագաթին հայտնաբերվել են զանգվածեղ կառույցի մասեր, մասնավորապես՝ քարե սյուներ։ Հետազոտողները կիրառել են ռադիոտեղորոշիչ սքանավորում, ռենտգենյան տոմոգրաֆիա, հորատում, 2D 7 3D տեխնոլոգիաներ եւ ավանդական պեղումներ։ Նրանք պարզել են, որ բլուրը եւ այն շրջապատող 15 հա մակերեսը արհեստական են։

Նրանց կարծիքով՝ այս տեղում գործել է հսկայական տաճար։ Ընդ որում՝ այն սկսել են կառուցել շատ վաղուց։ Բուրգի կառուցվածքը բազմաշերտ է եղել։ Ինչպես ցույց է տվել ռադիոածխաջրածնային վերլուծությունը, ամենահին շերտը, որը կազմված էր մեծ բլոկներից, կարող է կառուցված լինել մոտ 28 հազար տարի առաջ։ Այսինքն՝ բուրգը շատ ավելի հին է եգիպտականներից։ Մյուս երկու մակարդակները կառուցվել են մոտ 8,3 եւ 3,5 տարի առաջ համապատասխանաբար։

Հնագույն մատանիներ եւ հախճասալիկներ Մոսկվայի Հայկական նրբանցքում

Մոսկվայի Հայկական նրբանցքում XVII-XIX դարերի բազմաթիվ առարկաներ են գտել, տեղեկացվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում։

Մասնավորապես, բարելավման աշխատանքների ընթացքում Հայաստանի դեսպանության շենքի մոտ հայտնաբերվել են սպիտակ մետաղից եւ պղնձից պատրաստված կնքամատանիներ, որոնց վրա կարելի է տեսնել զինանշանններով եւ բուսական մոտիվներով հարթապատկերներ։ Գտնվել են նաեւ ապակով եւ գորշ ագաթով պատված մատանիներ, ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, գտածոների մեջ են նաեւ խեցե եւ ապակե ամանների մասեր, թրծված հախճասալիկներ։

Ինկերի աստղագիտական կառույցները Ատակամա անապատում

Չիլիացի հնագետների, պատմաբանների եւ աստղագետների խումբը մի քանի քարե կառույց է հայտնաբերել, որոնք, հնարավոր է, եղել են ինկերի արեւային օրացույցի բաղկացուցիչ մասերը։ Հայտնագործությունն արվել է Ատակամա անապատում (Չիլի), Կամինո դել Ինկայում։

Կարծիք կա, որ այդ 1,20 մետրանոց սյուները, որոնք միմյանց հանդեպ լայնակի գիծ են կազմում, օգնել են հնդկացիներին որոշել արեւադարձի կամ գիշերահավասարի օրը։ Չնայած որոշ կառույցներ, որոնք հայտնի են որպես saywas, գտնվել են ավելի քան տասը տարի առաջ, գիտնականները լիովին չեն հասկացել դրանց գործառնության իմաստը։

Սակայն երկրի այլ շրջաններում համանման գտածոների ուսումնասիրությունն անցած տարի որեւէ կասկած չի թողել, դրանք աստղագիտական նպատակներով կառուցված շինություններ են։ «Այդ կառույցները աստղագիտական մարկերներ էին՝ կապված ինկերի օրացույցի համապատասխան ամսաթվերի հետ»,- ընդգծվում է հոդվածում։

Այսօր, օգտագործելով Google Earth-ը, ALMA աստղադիտարանի հետազոտողների օգնությամբ «վերլուծվել է saywas-ի տեղադրությունը հյուսիսի նկատմամբ»։ Արդյունքում՝ գիտնականները հայտնաբերել են, որ դրանք զարմանալի ճշգրտությամբ տեղակայված են արեւածագի կետի հետ մեկ ուղիղ գծի վրա՝ աշնան գիշերահավասարի եւ ձմռան արեւադարձի օրերին։

Աղյուսե երկու դամբարան ավելի քան 700-ամյա առարկաներով

Հնագետները Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ Սիչուան գավառում հայտնաբերել են ավելի քան 700-ամյա երկու աղյուսե դամբարան, որոնցում կան բազմաթիվ առարկաներ, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը։

Պեղումներն արվել են Չենդու քաղաքի Լունցյուան շրջանի Դալյան գյուղի տարածքում։ Տեղեկացվում է, որ դամբարանները վերաբերում են Սուն հարստության ժամանակներին (մ.թ. 960-1279թթ.)։

Հնագետներն աղյուսե դամբարաններում հայտնաբերել են ավելի քան 60 առարկա, որոնց մեջ են մահարձանիկներ, հախճապակե իրեր եւ գրավոր փաստաթղթերի մնացորդներ։

Հնագույն նավ Սեւ ծովի հատակին

Հնագետները Սեւ ծովի հատակին հայտնաբերել են ամենահին անվնաս նավը։ 23 մետրանոց նավը ջրի տակ մնացել է ավելի քան 2400 տարի։

Կարծիք կա, որ նավը եղել է առեւտրային եւ պատկանել է հին հույներին։ Այն ունի կայմ, ղեկեր, թիավարների նստարաններ. ամեն բան պահպանվել է անվնաս։ Գիտնականներն ասում են, որ նման նավերի պատկերներ տեսել են միայն հին հունական խեցեգործական իրերի վրա։

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են ենթադրյալ վամպիրների կմախքներ

Փոկլինգթոն քաղաքի (Յորքշիր կոմսություն) պեղումների ժամանակ հնագետները գտել են մարդկային գերեզմանատեղի, որը թվագրվում է մ.թ.ա. III դարով։ Կմախքների հանգամանալի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացածներին ենթարկել են միստիկական ծեսերի, որպեսզի նրանք չկարողանան հարություն առնել։

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ կմախքներից մեկը (17-25 տարեկան տղամարդու) մահվանից հետո խոցվել է ինը նիզակով։ Գիտնականները կարծում են, որ մեռնողի ժամանակակիցները զգուշացել են նրանից եւ նրան վամպիր են համարել։

Երկրորդ գերեզմանում գտել են երիտասարդ կնոջ մասունքներ։ Նա ենթադրաբար եղել է տղամարդու բարեկամը կամ կինը։

Այս գերեզմանատեղիից մի փոքր հեռու հնագետները հայտնաբերել են նաեւ մի տղամարդու գերեզման, որը մահվան պահին եղել է 60-70 տարեկան։ Նրան թաղել են լրիվ հագուկապով, բրոնզե վահանով եւ երկու պոնիների լծված անվակառքով։ Գերեզմանատեղին շրջապատված էր վեց գոճիների ոսկորներով։ Հետազոտողներն առայժմ չեն կարող բացատրել անսովոր ծեսի էությունը, բայց հույս ունեն առաջիկայում պարզել դա։

loading...