Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի մի մասը կփոխհատուցվի

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի մի մասը կփոխհատուցվի

14:21 13 Dec, 2018

ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվեց որոշում, ըստ որի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը կհատկացվի գումար։

ԿԳՆ-ին 11 միլիոն 604 հազար դրամ կհատկացվի մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը կերաշխավորի դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար մրցակցային պայմաններում մրցակցելու էլ ավելի շատ այցելուների համար։

«Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով  82 միլիոն 795 հազար դրամ կհատկացվի՝ ՀՀ կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ, որից՝ 50 միլիոնը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, իսկ 32 միլիոն 795 հազարը՝ «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրի համար։

50 միլիոն դրամ ԿԳՆ-ին կհատկացվի՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:  Ըստ նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվի 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կկազմում է 68 միիոն 588 հազար դրամ: Այս նախագծով նախատեսվում է այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 միլիոն դրամ, իսկ մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:

Եվս 17 միլիոն դրամ  կհատկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով: Հայաստանյան հեռուստանախագիծն իրականացվում է ռուսաստանյան «Իգրա Թի Վի» հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա:

loading...