Մամեդյարովն ու Մնացականյանը ձեռք են բերել 2019թ. սկզբին հանդիպելու պայմանավորվածություն

Մամեդյարովն ու Մնացականյանը ձեռք են բերել 2019թ. սկզբին հանդիպելու պայմանավորվածություն

21:39 6 Dec, 2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված է Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհերի մասին լուրերի զգալի նվազումը  Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո:  Համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու  և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:  Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կոնկրետ արդյունքների  միտված ինտենսիվ երկխոսությունը՝ հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը հասնելու համար: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի  պաշտոնակատարը վերահաստատել են հետագա լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպել 2019թ. սկզբին: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

loading...