Ամսական 1 մլն դրամի մասին է խոսքը. Պետգույքի կոմիտեի նախագահը՝ մարզահամերգային համալիրի չարաշահումների մասին

Ամսական 1 մլն դրամի մասին է խոսքը. Պետգույքի կոմիտեի նախագահը՝ մարզահամերգային համալիրի չարաշահումների մասին

15:06 6 Dec, 2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չարաշահումները վերաբերում են պահակախմբին, տենդերով շահել են, որ 24 հոգի պետք է աշխատի, բայց փաստացի աշխատում է 15 հոգի. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պայմանագիրը չի երկարաձգվել՝ չարաշահումների կասկածանքով:

«Ամսական 1 մլն դրամի մասին է խոսքը, որ վճարվում է այն գործի համար, որը չի կատարվում»,-ասաց նա:

Նարեկ Բաբայանի խոսքով՝ որոշակի ռիսկեր տեսել են նաև սահադաշտի հետ կապված: «Մուտքերը, որ ցույց են տվել, իրականությանը չեն համապատասխանում, վստահաբար ավելի շատ մարդիկ են օգտվել սահադաշտից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պայմանագրի խզմանը տնօրենի հետ, Նարեկ Բաբայանը նշեց, որ Վազգեն Ասատրյանը ծանուցված է եղել մայիս ամսին, որ պայմանագիրն ավարտվում է, նորը չի կնքվելու: «Մեկամսյա ժամկետ կար, ըստ էության որոշումը պատրաստ էր, հրամանը իմ սեղանին, որ հուլիսի 1-ով ավարտվեր, բայց Ֆրանկոֆոնիայի միջոցառումներից ելնելով՝ հինգ ամսով երկարացրել են»,-ասաց նա:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը նշեց, որ նախատեսվում է մրցույթ անցկացնել հունվար ամսվա վերջին: «Անելու են լայն իրազեկմամբ, որ բոլոր ցանկացողները ծրագրերով հանդես գան, որ լինի բաց, թափանցիկ և մրցակցային»,-ասաց նա:  

loading...