Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ հարցը հոկտեմբերից ի վեր չի քննարկվել. քաղաքապետի մամուլի քարտուղար

Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ հարցը հոկտեմբերից ի վեր չի քննարկվել. քաղաքապետի մամուլի քարտուղար

23:00 5 Dec, 2018

Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուքում» ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության նախաձեռնություն: Իրականում, քաղաքապետարանի Yerevan.am կայքի «Զարգացման և ներդրումային» ծրագրեր բաժնում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային առաջարկ է տեղադրված արդեն առնվազն մեկ տարուց ավելի: Մեկ-երկու րոպեի ընթացքում գուգլի որոնումը կարող է հաստատել սա:

Եվ ոչ միայն այս ծրագիրը. մոտ 40 ներդրումային ծրագրի առաջարկ կա կայքի այդ բաժնում՝ որոշները իրատեսական, որոշները՝ ոչ այնքան, դրանք ի հայտ են եկել տարբեր ժամանակահատվածներում, դրանց մի մասն իրագործման փուլում են, որոշներն էլ սպասում են իրենց հերթին՝ անորոշ ապագայում ներդրողներ գտնելու հույսով:

Մի խոսքով սա, մեղմ ասած, չարժե ներկայացնել որպես նորություն:
Գուցե սրան անդրադառնալն իմաստ չէր ունենա, եթե ֆեյսբուքյան անալիտիկներից բացի «լուրը» չարտատպեին մի քանի հարգված լրատվամիջոցներ, առանց, ցավոք, տեղեկատվության մասին քաղաքապետարանից լրացուցիչ պարզաբանում ստանալու փորձ անելու:

Համենայնեդեպս, ա՛յն մեր գործընկերներին, որոնք հետաքրքրված են քաղաքում ճոպանուղի կառուցելու նախագծով, տեղեկացնեմ, որ առնվազն հոկտեմբերից ի վեր այս հարցը չի քննարկվել:

Փոխարենը, ամենօրյա ռեժիմով քննարկումներ են ընթանում քաղաքի վերգետնյա տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխումները հնարավորինս մոտ ապագայում իրագործելու ուղղությամբ: Մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի այսօրվա հանդիպման առանցքային թեման հենց տրանսպորտային բարեփոխումներն են եղել»:

loading...