Փորձելու եմ հաճախ լինել Գյումրիում․ Արմեն Սարգսյան

Փորձելու եմ հաճախ լինել Գյումրիում․ Արմեն Սարգսյան

22:00 5 Dec, 2018

Երկրի նախագահը Գյումրիում հանդիպել է նաև լրագրողների հետ, այն ոչ թե պաշտոնական, այլ բարեկամական հանդիպում է որակել և ցանկությունն էր մտքերով կիսվել լրագրողների հետ, նաև նրանցից առաջարկներ լսել Գյումրիի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Բայց հանդիպումը քիչ անց վերածվել է մամուլի ասուլիսի: Իսկ հարցերն աղետի գոտու չիրականացված ծրագրերից մինչև քաղաքի զարգացման ոլորտային հնարավորություններ, նախագահի սահմանադրական լիազորություններից մինչև զբոսաշրջության ընդլայնման հեռանկարների մասին էին:

Արմեն Սարգսյանը նախ պատմեց, որ երկրաշաժին հաջորդած օրերին Երևանի համալսարանի ուսանողների հետ եկել են Լենինական, մասնակցել փրկարարական աշխատանքներին: Ասում է, նման մեծածավալ ավերածությունները հաշվի առնելով, ի սկզբանե պարզ էր, որ հետևանքները վերացնելը հեշտ չի լինելու: Դա նույնիսկ խորհրդային գերտերության ղեկավարը գիտեր, դրա համար էլ աշխարհին թույլ տվեց օգնել Հայաստանին։ Արտերկրից ստացված միլիոնավոր դոլարների հասնող օգնություններից հետո էլ մինչև 90-ականների վերջ աղետի գոտում ոչինչ չփոխվեց: Արմեն Սարգսյանին մինչև հիմա զարմացնում է աղետյալների համբերատարությունը, որոնք արժանապատվորեն տանում են դժվարությունները: 1996 թվականին, երբ ինքը վարչապետ եղած ժամանակ այցելել էր աղետի գոտի, սպասում էր, որ իրեն աղետյալները պետք է ցույցերով դիմավորեին, բայց տնակի բնակիչներն իրեն հյուրասիրում էին, ու դա ասում է՝ ավելի մեծ բեռ դարձավ իր համար, քան եթե իրեն բոյկոտով դիմավորեին։

Արմեն Սարգսյանը Գյումրիի նկատմամբ իր հիացմունքը հիմա էլ չի թաքցնում, վարպետների քաղաք է, իսկ վարպետների աշխատանքային հմտություններին նոր չէ, որ ծանոթ է: Վերջերս վարպետներից մեկի մետաղից պատրաստած ծաղկամանը, ասում է՝ Վենետիկում էլ կարելի է վաճառել: Արմեն Սարգսյանի խոսքերով՝ հաճախ է Գյումրի այցելելու ու առանց առիթի: Իր համար դա սկզբունք է դարձնելու․ գալ Գյումրիում գիշերել, այցելել որևէ թանգարան, համերգ կամ ներկայացում և վերադառնալ Երևան։ Իր ընտանիքի օրինակով է ցույց տալու, որ քաղաքում հնարավոր է կյանքն աշխուժացնել։ Գյումրիի զարգացման կառավարական ծրագրերից չի խոսում, որպես անհատ, որպես երկրի նախագահ, նշում է, որ քաղաքը զբոսաշրջությամբ զարգացնելու մեծ հեռանկարներ ունի: Օրինակ՝ Հայաստանի տարբեր տարածքներից ամեն տարի 38․000 մարդ է Գյումրի այցելում, ինչը ամոթ համարեց, այնինչ Վրաստան ամեն տարի մեկ ու կես մլն հայաստանցի է այցելում։

Այն, որ պետք է ճանապարհներ կառուցենք, որ նոր զբոսաշրջիկը գա, նախագահը համաձայն չէ: Զբոսաշրջիկների այցն ու ենթակառուցվածքների բարեկարգումը պետք է լինեն զուգահեռ: Ներքին զբոսաշրջությունը զարգացնելու կոչ նախագահն արդեն արել է իր հանդիպումներում, բայց առայժմ արձագանք չկա: Գյումրիի հարցը ՅՈւՆԵՍԿՕ-ում էլ է բարձրաձայնել, նաև Իտալիայում: Գյումրին արդյոք նորից հնարավոր է արդյունաբերական քաղաք դարձնել, նախագահը կարծիք չի հայտնում, տնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնելու մասին էլ չի խոսում, բայց համոզված ասում է, որ հսկայական ներուժ ունի քաղաքը: Շեշտում է՝ Շիրակի մարզը բոլոր ոլորտներում էլ զարգացման հեռանկարներ ունի: Նախագահը կփորձի հնարավորինս աջակցել այդ հարցում: Նա լիովին բավարարված է սահմանադրական իր լիազորություններով ու համոզված ասում է՝ եթե իր լիազորությունների շրջանակն ընդլայնվեր, ինքը նորից կաներ այն, ինչ անում է: Հիմա նրան ոչ ոք այդ հարցում չի խանգարում:

loading...