Չեմ կարծում, թե ՌԴ նախագահի հետ պետք է քննարկենք այդ հարցը. Փաշինյանը՝ Ուշակովի հայտարարության մասին

Չեմ կարծում, թե ՌԴ նախագահի հետ պետք է քննարկենք այդ հարցը. Փաշինյանը՝ Ուշակովի հայտարարության մասին

12:41 5 Dec, 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, Փաշինյանը պատասխանեց. «Արման Եղոյանն էլ ասել է, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ եւ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում: Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում եւ հետեւողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»: 

Հարցին, թե ինչպես է գնահատում Ուշակովի նման հայտարարությունը, ինչու են նման կերպ արտահայտվել, Փաշինյանը արձագանքեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել»:

Իսկ առաջիկա այցի ժամանակ այդ հայտարարությունները քննարկելո՞ւ է ՌԴ նախագահի հետ հարցին էլ պատասխանեց. «Մենք բոլոր հնարավոր հարցերը քննարկում ենք հանդիպումների ժամանակ, բայց չեմ կարծում, թե ՌԴ նախագահի հետ պետք է քննարկենք այդ հարցը: Կան ավելի կարեւոր հարցեր»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ՌԴ նախագահի օգնականը առանց Վլադիմիր Պուտինի գիտության նման բան կարո՞ղ էր հայտարարել, ինչին Փաշինյանն ասաց. «Այդ մանրամասներն, անկեղծ ասած, այնքան էլ հետաքրքիր չեն: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարեւոր հարցը չէ: Շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում: Ամենակարեւոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության եւ անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունները կազմակերպության առաջ եւ կազմակերպության պարտավորությունները անդամ երկրների առաջ, եւ երկրների փոխադարձ պարտավորությունների հարցն է:

Գլխավոր քարտուղարի կարգավիճակը առանցքային ու շրջադարձային չէ, կան ավելի լուրջ ու կարեւոր հարցեր»:

Հարցին, թե այդյոք վաղը կայանալիք հանդիպմանը պարզաբանում պահանջելու է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից, որը ՀԱՊԿ փակ հանդիպման մասին պատմել էր Ադրբեջանի դեսպանին, Փաշինյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, պիտի խոսենք մեր հարցերի մասին, չեմ հետաձգելու»:

 

 

loading...