Թբիլիսիում մահացած են գտել Սաակաշվիլիի համախոհներից մեկին

Թբիլիսիում մահացած են գտել Սաակաշվիլիի համախոհներից մեկին

11:47 5 Dec, 2018

Նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ 50-ամյա Նիկա Ռուրուային մահացած են գտել Թբիլիսիի սեփական տանը: Նախնական տեղեկություններով՝ նա մահացել է սրտի նոպայից: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ շտապ օգնություն է կանչել նրա մայրը, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը: 

Նիկա Ռուրուան ծնվել է 1968 թվականի մարտին Թբիլիսիում:

Ռուրուան 2001 թվականին ավարտել է Շոթա Ռուսթավելիի անվան թատերական ինստիտուտի հեռուստառեժիսորության ֆակուլտետը:

2001 թվականին ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի պետական համալսարանում ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան:

Նիկա Ռուրուայի քաղաքական կարիերան սկսվել է 2001 թվականին՝ նա այդ ժամանակ ակտիվորեն համագործակցում էր ընդդիմության մեջ գտնվող Զուրաբ Ժվանիայի եւ Միխայիլ Սաակաշվիլիի հետ:

2003 թվականին «վարդերի հեղափոխությունից» հետո Ռուրուան Վրաստանի 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է եղել: Նա պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալն էր, եղել է նաեւ իրավաբանական կոմիտեի անդամ:

2009 թվականի դեկտեմբերի 9-ին Նիկա Ռուրուան նշանակվել է Վրաստանի մշակույթի, հուշարձանների պաշտպանության եւ սպորտի նախարար՝ այս պաշտոնը զբաղեցնելով մինչու 2012 թվականի հոկտեմբերի 25-ը:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Ռուրուան եղել է Գորիում Ստալինի հուշարձանի ապամոնտաժման գլխավոր նախաձեռնողներից մեկը: Նրա նախաձեռնությամբ է նաեւ Թբիլիսիում հիմնադրվել Վրաստանի խորհրդային օկուպացիայի թանգարանը:

Վերջին շրջանում Նիկա Ռուրուան ակտիվորեն մասնակցում էր իր կուսակցի՝ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից առաջադրված Վրաստանի նախագահի թեկնածու Գրիիգոլ Վաշաձեի նախընտրական արշավին:

loading...