Ինտելեկտն արդյոք կախվա՞ծ է ուղեղի չափերից

Ինտելեկտն արդյոք կախվա՞ծ է ուղեղի չափերից

13:12 4 Dec, 2018

Խոշոր ուղեղը մարդուն ավելի խելացի է դարձնում փոքր ուղեղ ունեցողներից, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Psychological Science ամսագրում:

Գիտնականներն ու գրողները հնագույն ժամանակներից սկսած մտքեր են հայտնել այն մասին, որ խոշոր չափերի գլուխ ունեցող մարդկանց ուղեղն էլ պետք է ավելի խոշոր լինի, իսկ դա նրանց անպայման ավելի խելացի կդարձնի: Նույնիսկ ժամանակակից գիտության մեջ այն տեսության կողմնակիցներ կան, որ մարդու ինտելեկտը կախված է ուղեղի ծավալից: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծավալով նույնիսկ ամենամեծ ուղեղը իր տիրոջ համար չի երաշխավորում վայելուչ աշխատանքի եւ գիտական մրցանակների տեսքով հաճելի բոնուսներ: Ուղեղի ծավալի մեծացումն աննշան է ազդում մարդու մտավոր հնարավորությունների վրա: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները նման եզրակացության են հանգել ավելի քան 13 600 մարդու ուղեղի ՄՌՏ սքանավորման հիման վրա:

Գիտնականներին, այդուհանդերձ, հաջողվել է դրական փոխկապվածություն հայտնաբերել ուղեղի ծավալի եւ կոգնիտիվ թեստերի կատարման միջեւ, սակայն ուղեղի ծավալի մեծությունը ամենեւին որոշիչ չէր, եւ դրան բաժին է ընկել հաջողության 2 տոկոսից ոչ ավելին: Ավելի խոշոր ուղեղով մարդը միջինում ավելի լավ է հաղթահարում կոգնիտիվ թեստերը, ունի ավելի սուր հիշողություն եւ լավ ռեակցիա՝ ոչ մեծ ուղեղ ունեցողների համեմատությամբ:

Բայց գիտնականները շեշտում են, որ ուսումնառության եւ մտավոր հնարավորությունների տեսանկյունից տարբերությունը կարող է լինել վիճակագրական սխալի մակարդակում: Իսկ սա նշանակում է, որ ուղեղի չափից բացի, մարդու ինտելեկտի զարգացման վրա առավել նշանակալի ազդեցություն են ունենում այլ գործոնները: Օրինակ՝ ծնողների դաստիարակությունը, կրթական մակարդակը, սնունդը, կյանքում վերապրած սթրեսի քանակությունը եւ այլն:

loading...