Մոդայիկ, բայց ինքնանպատակ բանավեճեր. «Փաստ»

Մոդայիկ, բայց ինքնանպատակ բանավեճեր. «Փաստ»

8:54 1 Դկտ, 2018

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
Այսքանով հանդերձ, չենք կարող չնկատել, որ գործ ունենք բանավեճի ինստիտուտի առավելապես ձևի ներդրման հետ, առանց համապատասխան բովանդակության: Հասկանալի է, իհարկե, որ նախորդ տարիներին նմանատիպ բանավեճերի բացակայությունը ստեղծել է որոշակի ցանկություն այդ բանավեճերի իրականացման նկատմամբ: Մյուս կողմից էլ տեղեկատվական հարթակներն են փորձում ակտիվորեն լուսաբանել պրոցեսները, և այդ լուսաբանման կոնտեքստում բանավեճերը բավական պահանջված են:

 
Սակայն, որպեսզի բանավեճերի նման առկայությունը չդառնա բացառապես հեշտ սպառվող տեղեկատվական պրոդուկտ՝ համեմված շոուի տարրերով, ինչպես նաև որպեսզի բանավեճերը չանցկացվեն ինքնանպատակ, ուղղակի անցկացվելու համար, հարկ կա այդ ինստիտուտին բովանդակություն հաղորդել: 
 
Նախքան միջկուսակցական բանավեճերի հասնելը, Հայաստանի քաղաքական համակարգը ճիշտ կաներ, որ անցներ ներկուսակցական բանավեճերի շրջափուլով: Ներկուսակցական դեմոկրատիայի խնդիրը, ցավոք, մնում է չլուծված: Ու խնդիրը այստեղ միայն այն չէ, որ ներկուսակցական դեբատներով որոշվի այս կամ այն փուլում կուսակցության դեմքի ընտրության հարցը: Խնդիրը նաև կուսակցություններում ոլորտային պատասխանատուներին որոշելն է: Իշխանությունները այս առումով միշտ ունեն առավելություն, քանի որ ոլորտային պատասխանատուներին ընտրում են ըստ ադմինիստրատիվ կազմի, այսինքն՝ տնտեսական բլոկի պաշտոնյաները ավտոմատ կերպով դառնում են կուսակցության տնտեսական թեմաներով առաջնորդողներ ու խոսափողներ: Առավել բարդ է արդեն մյուս ուժերի վիճակը, որոնք նմանատիպ հնարավորություններ չունեն:
 
Հենց այս կոնտեքստում կարելի է դիտարկել, ասենք, նախօրեին տնտեսական թեմայով կայացած մի բանավեճ, որին ՀՀԿ–ն ներկայացնում էր Արտաշես Գեղամյանը: 
 
Բացի այդ, բանավեճն ինքնին նշանակություն ունի, երբ դրանից կախված է ընտրության արդյունքը: Մեր դեպքում ընտրության արդյունքի վրա բանավեճը չի ազդելու, ինչը գուցե նորմալ է՝ հաշվի առնելով հետհեղափոխական իրողությունները: Այս իմաստով, ՀՀԿ– ՔՊ բանավեճերն, օրինակ, ի սկզբանե դատապարտված լինելով որևէ բան չորոշելու, դառնում են պարզապես դիտարժան շոու, երբ մասնակիցները սկսում են մեղադրել միմյանց բոլոր վատ բաների համար, սպառնալ, հոխորտալ: Հետևաբար բանավեճի ինստիտուտը կարող է բովանդակություն ստանալ միայն այն դեպքում, երբ կա, այսպես ասած, ընտրելու բան, ընտրական ինտրիգ: Մեր դեպքում այդպիսի ինտրիգ չկա, արդարացիորեն չկա, հետևաբար բանավեճերը առայժմ կրում են առավելապես սիմվոլիկ բնույթ:
 
Եվ ամենակարևորը: Բանավեճի իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, առաջարկությունների միջև համեմատություն դնելն ու էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը: Ինչի՞ մասին են նախընտրական բանավեճերը Հայաստանում, եթե բոլոր կուսակցությունները կամ խուսափում են իզմերից, կամ, եթե չեն էլ խուսափում, ապա այդ իզմերն օգտագործում են այնքանով որքանով՝ դրանք դեկլարացնելով կամ կուսակցության վերնագրի, կամ էլ նախընտրական ծրագրի խորագրի ներքո: Իսկ քաղաքական և տնտեսական ծրագրերի մեջ այդ իզմերը չեն արտահայտվում: Օբյեկտիվորեն, իհարկե, սա առավել խորքային խնդրի դրսևորում է. Հայաստանի քաղաքացին այս պահին առավելապես հակված է հավատալ ոչ թե ծրագրերին ու իզմերին, այլ առանձին քաղաքական ուժերի, ովքեր խոստանում են լինել լավը, չանել վատ բաներ ու կառուցել «դրախտ»:
 
Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ նախընտրական բանավեճերը Հայաստանում կրում են սիմվոլիկ բնույթ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այդ բանավեճերը չպետք է լինեն: Բայց լինելով հանդերձ՝ պիտի հասկանանք, պիտի դրանց անբովանդակությունը որպես ազդակ վերլուծենք ու գանք արդեն բովանդակային քաղաքական դաշտ ունենալու խնդրին: Բանավեճերը չէ, որ այդ խնդիրների պատճառն են, պարզապես այդ պատճառները դրսևորվում են բանավեճերի որակով:
 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...