Արցախյան հակամարտությունը շատ ձգձվեց, ժամանակն է հասարակություններին պատրաստել խաղաղության․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչություն

Արցախյան հակամարտությունը շատ ձգձվեց, ժամանակն է հասարակություններին պատրաստել խաղաղության․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչություն

13:02 9 Նյմ, 2018

«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ օգտակար են համարում պետությունների ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին շփումները, և համարում են, որ դրանք կարևոր են շփման գծում լարվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Նամակում հիշատակվում են նաև կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները (որոնք այդպես էլ չիրականացան Ադրբեջանի կողմից դրանցից հրաժարվելու պատճառով – խմբ), որոնցով նախատեսվում էր ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները (Կասպրշիկի թիմի ընդլայնումը թույլ կտար ավելի հաճախ ու ավելի խորը դիտարկումներ անել առաջնագծում), ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը (սա էլ թույլ կտար պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարի պայմանավորվածությունը)։

«ԱՄՆ-ն վստահ է, որ ԱԳ նախարարների հանդիպումը կարող է նոր լիցք հաղորդել այս պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող քննարկումներին», – նշվում է նամակում։

Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, աջակցում է վստահության ամրապնդման միջոցառումներին և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսությանը, որը կարող է կայունացնել անվտանգությանն առնչվող իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական միջավայր։

«Այսպիսի երկխոսության մասնակիցները պետք է կարողանան անել դա ազատորեն ու առանց վախենալու, որ տուն վերադառնալուց հետո մեղադրանքներ կստանան», – նշվում է տեքստում։

Նահանգների ներկայացուցիչը բարձր է գնահատում ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների, այդ թվում և Արցախյան հակամարտության կարգավորումը։ Դրա համար է, ըստ նամակի, ամերիկյան կառավարությունը Հայաստան և Ադրբեջան ուղարկել բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին և պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթին։

«Միացյալ Նահանգները կիսում է տեսակետը, որ հակամարտությունը կարող է լուծվել ոչ ռազմական ճանապարհով։ Ստատուս քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը հակված է աշխատել կողմերի հետ՝ խաղաղ ու երկարատև լուծում գտնելու համար․ լուծում, որը հիմնվում է մասնակից պետությունների կողմից ընդունված սկզբունքների՝ ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման ու հավասար իրավունքների սկզբունքների վրա, որոնք ընդգրկված են Հելսինկյան եզրափակիչ ակտում», – նշվում է նամակի վերջաբանում։

loading...