Էներգետիկայի նախարարը՝ «Վեոլիա Ջրի» կողմից կաշառք ստանալու մասին

Էներգետիկայի նախարարը՝ «Վեոլիա Ջրի» կողմից կաշառք ստանալու մասին

20:51 8 Նյմ, 2018

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

 

Ըստ հրապարակումների՝ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որպես կաշառք, ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ։

«Եթե ծանոթ լինեն օրենսդրությանը, ապա քրեական գործը հարուցվել է, քանի որ ընդամենը կա հաղորդում և ոստիկանությունն ու ՀՔԾ-ն պարզում են այդ հաղորդման հանգամանքները։ Ես անհեթեթ եմ համարում, որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ինքը Փարիզ մեկնել է ոչ թե «Վեոլիա Ջրի», այլ ընկերության մայր գրասենյակի հաշվին։

 

«Բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է, փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու և ծանոթանալու իր փորձին։ Նման ծրագրերով և՛ լրագրողներ են մեկնել, և՛ հասարակական կազմակերպություններ։ Ինչ վերաբերում է նրան, որ դրա արդյունքում սակագներ են բարձրացել, ապա ուսումնասիրեք ենթաօրենսդրական ակտերը և կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ նա որոշում կայացնող է, և որոշում է կայացրել մի ընկերության վերաբերյալ, որի հաշվին մեկնել է Փարիզ, նա այսպես արձագաքնեց. «Նախ՝ ես որոշում կայացնող չեմ եղել, ես եղել եմ վարչության պետ, ինձ հետ եղել են նաև ուրիշ վարչության պետեր, որոշում կայացնողները հանձնաժողովի անդամներն են. դա էլ է օրենսդրության չիմացության հետևանք։ Հանձնաժողովի անդամները 5 հոգով են քվեարկում, իսկ մեզ հետ եղել է ընդամենը 2 անդամ, որոնք չէին կարող նման որոշում կայացնել, այդ դեպքում պետք է 5-ին տանեին։ Իսկ սակագինը ձևավորվում է՝ առանց մարդկային գործոնի»։

Նա նշեց, որ նմանատիպ ծրագրերով պետական համակարգի 80 տոկոսը մեկնում է վերապատրաստման, փորձի փոխանակման. «Եթե դա համարվի կաշառքի դրսևորում, ուրեմն՝ կարելի է ասել, որ մեր ամբողջ կառավարման համակարգում նման երևույթ կա»։

loading...