ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստի օրակարգից հանվել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը

ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստի օրակարգից հանվել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը

13:05 8 Նյմ, 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր առավոտյան, բացելով ՀԱՊԿ գագաթնաժողովի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել ՀՕՊ և ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) միասնական միացյալ համակարգի ստեղծման նախագիծը:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ բացի այդ նախագծից, օրակարգում ներառված է 24 հարց, որը համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ:

«ՀՕՊ և ՀՀՊ միասնական համակարգի ստեղծման նախագիծը վերջնականապես համաձայնեցնել մեզ չհաջողվեց, ուստի Մշտական խորհրդի որոշմամբ հանձնարարվել է հարցը հանել ՀԱՊԿ-ի քննարկումից և առաջարկել աշխատել դրա վրա՝ այն հետագա նիստերին ներկայացնելու համար»,- ասել է Սեմերիկովը:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի առանցքային հարցերից մեկն էլ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին պաշտոնանկ արվեց հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այժմ կատարում է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

loading...