Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

22:59 7 Նյմ, 2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգիփաստաթղթերից։

Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։

«… Օրեն­քի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը («Ելք» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), որն էլ դրա հեղինակն է։

Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։

loading...