ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներով շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրգործ

ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներով շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրգործ

19:19 7 Նյմ, 2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին:

ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների եւ հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում շահագործվող ընդհանուր 184 փոքր ՀԷԿ-երից /որոնցից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչեւ 2014թ.-ը/ 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ  սահմանված պահանջներին: Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաեւ գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները եւ ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին: Արձանագրվել են նաեւ ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր: 

Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ տարածքում շահագործվող շուրջ 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի եւ սարքավորումների ներդրման հետ կապված խախտումների հայտնաբերման, արձանագրման, խախտումների դեպքում օգտագործման թույլատվության կասեցման կամ չեղյալ համարելու, ինչպես նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով /ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը/ նախատեսված տուգանքը` շուրջ 29.000.000 դրամ նշանակելու եւ գանձելու ուղղությամբ: Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացրել ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

loading...