Խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությունը. ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը այցելել է Հայաստան

Խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությունը. ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը այցելել է Հայաստան

13:34 7 Նյմ, 2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում.  այն հսկայական     ներուժ  է պարունակում   մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի   համապարփակ    պաշտպանության  եւ ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաեւ  օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից եւ տնտեսական զարգացումից օգտվելու համար», — ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը: 

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված   տեղեկատվության միջոցով»:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք եւ Երեւան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաեւ դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի  մամուլի ասուլիսը կկայանա  նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երեւան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսին մուտքը ազատ կլինի միայն լրագրողների համար:

Հատուկ զեկուցողը  իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին:

Նշենք, որ Կլեման Նյալեցոսի Վուլեն Տոգոյից է, 2018 թ. մարտին նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող` խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի հարցերով: Նա իրավաբան է եւ ներկայումս աշխատում է Ժնեւում` մարդու իրավունքների ոլորտում: Նա Ժնեւի մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքի ակադեմիայի ասոցացված գիտաշխատող է: Նախքան այս նշանակումը նա ղեկավարել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության (ISHR) աշխատանքը: Պրն. Վուլեն նաեւ աշխատել է որպես Տոգոյում մարդու իրավունքների պաշտպանների կոալիցիայի գլխավոր քարտուղար, որպես Տոգոյում միջազգային քրեական դատարանի կոալիցիայի քարոզչության հարցերի պատասխանատու եւ Ամնեսթի ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության Տոգոյի բաժանմունքի գլխավոր քարտուղար: 2011 թ. ի վեր պրն. Վուլեն եղել է Մարդու եւ ժողովուրդների իրավունքների առնչությամբ հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Աֆրիկյան հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետ անդամ:

Հատուկ զեկուցողները մասն են կազմում Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների խոշորագույն մարմինը, խորհրդի անկախ փաստահավաքման եւ մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կա՛մ կոնկրետ երկրների իրադրություններով, կա՛մ էլ աշխարհի բոլոր մասերին վերաբերվող թեմատիկ հարցերով: Հատուկ ընթացակարգերի փորձագետները աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն եւ չեն վճարվում իրենց աշխատանքի համար: Նրանք կախված չեն որեւէ կառավարությունից կամ կազմակերպությունից եւ ծառայում են իրենց անհատական կարողությունների հիման վրա:

Այս տարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյա տարեդարձն է. ՄԱԿ-ն այն ընդունել է 1948 թ. դեկտեմբերի 10-ին: Համընդհանուր հռչակագիրը, որը թարգմանվել է ռեկորդային 500  լեզուներով , խարսխված է այն սկզբունքի վրա, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով»: Այն մինչ օրս էլ այժմեական է՝ բոլորի համար, յուրաքանչյուր օր: Այս աննախադեպ ազդեցիկ փաստաթղթի 70-ամյակի կապակցությամբ եւ նրա կենսական սկզբունքների խախտումները կանխելու նպատակով, մենք ամենուր կոչ ենք անում մարդկանց՝ #Ելի՛րՀանունՄարդուԻրավունքների.

loading...