Վարկային կազմակերպությունների հետ քննարկվել են տուժանքի կիրառման միասնական պրակտիկայի ձեւավորման հարցը

Վարկային կազմակերպությունների հետ քննարկվել են տուժանքի կիրառման միասնական պրակտիկայի ձեւավորման հարցը

18:47 6 Նյմ, 2018

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող մեկ տասնյակը գերազանցող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու Հիմնադրամի փորձագետները: 

Արթուր Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար եւ անդրադարձել տարեսկզբին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով առաջին անգամ սահմանափակվեց տույժերի եւ տուգանքների առավելագույն չափը:

Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո դրա մի շարք դրույթների պարզաբանման եւ միասնական պրակտիկա կիրառելու նպատակով հանդիպում է եղել նաեւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների հետ, որից հետո օրենքի կիրարկման հետ կապված որեւէ մտահոգության մասին չի բարձրաձայնվել: Արթուր Հովհաննիսյանը ներկաներին բաց քննարկման կոչ է արել:

Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հիմնական հարցերը վերաբերել են տուժանքի առավելագույն չափի սահմանափակման, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի հաշվարկման, տուժանքի հաշվարկային դրույքի որոշման հետ կապված իրավակարգավորումներին եւ դրանց առնչությամբ ծագած գործնական որոշ խնդիրներին, որոնց վերաբերյալ քննարկման ընթացքում ներկայացվել են համապատասխան դիրքորոշումներ:

Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկման մասնակիցները առաջիկայում կներկայացնեն տուժանքի իրավակարգավորումների հստակեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց հիման վրա հետագայում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

loading...