Պողոս Հայթայանը իր 80-ամյա հոբելյանին պարգևատրվց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

Պողոս Հայթայանը իր 80-ամյա հոբելյանին պարգևատրվց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

16:31 29 Հկտ, 2016

Հոկտեմբերի 29-ին ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ արվեստաբան Պողոս Հայթայանի մեծարման հանդիսությունը, որը նվիրված էր արվեստաբանի 80-ամյա հոբելյանին: Հանդիսությանը ներկա էին Պողոս Հայթայանի հարազատներն, ընկերները, ինչպես նաև արվեստաբաններ, կերպարվեստի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, ավելորդ համարեց ևս մեկ անգամ ներկայացնել Պողոս Հայթայանի և մշակույթի մեջ ունեցած նրա ներդրման մասին: «Ամբողջ թանգարանի անունից շնորհակալություն եմ հայտնում, որ պարոն Հայթայանն այսօր մեզ հետ է: Միշտ ուրախ ենք Ձեզ տեսնելու»,- ասաց թանգարանի տնօրենը:

Արվեստաբանի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրա համար պատրաստվել էին մի շարք անակնկալներ, որոնցից մեկն Աշոտ Հարությունյանի՝ մետաղից պատրաստված աշխատանքն էր: Վերջինս պատրաստելու գործընթացը կարճամետրաժ տեսահոլովակի տեսքով ներկայացվեց ներկաներին:

Պողոս Հայթայանը շոյված էր անակնկալներից, սակայն ամենից առավել նրան ուրախացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ իր համար անսպասելի այցելությունը:

Նախարարն իր խոսքում նշեց, որ ուրախ է շնորհավորել արվեստաբանի 80-ամյակը, ինչպես նաև, որ Պողոս Հայթայանը գեղարվեստի, կերպարվեստի և ընդհանուր արվեստի մասին ունեցած պատկերացումները կարողացավ ներկայացնել հանրությանը, ձևավորելով նրա պատկերացումները կյանքի մասին ընդհանրապես: Մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարը Պողոս Հայթայանին պարգևատրեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:  

loading...