Ինչպես աշխատանքի վերադառնալ Ամանորից հետո

Ինչպես աշխատանքի վերադառնալ Ամանորից հետո

17:14 2 Հնվ, 2019

Ամանորի տոները մարդկանց մեծամասնության համար ոչ թե ուրախության, այլ սթրեսի աղբյուր են: Դրանցից հետո հատկապես դժվար է վերադառնալ ամենօրյա ռիթմին եւ աշխատել: Ինչպես պայքարել հետամանորյա սթրեսի դեմ եւ վերադառնալ աշխատանքին: Այդ մասին խորհուրդներ է տվել հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:

Նոր նպատակներ

Հոգեբանի խոսքով, շատ մարդիկ ամանորի տոներից հետո  դատարկության եւ անիմաստության զգացում են ունենում: Հարցն այն է, որ մինչեւ տոները նրանք շատ սպասումներ եւ հույսեր են փայփայել եւ անկախ այն բանից` դրանք արդարացել են, թե ոչ, տոներից հետո մարդը հանկարծ գիտակցում է, որ ինքն այլեւս ոչ մի նպատակ եւ սպասում չունի: Այդ վիճակի դեմ պայքարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս մոտակա շաբաթներին եւ ամիսներին նոր նպատակներ գտնել ձեզ համար: Դա ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե դուք ինչ ուղղությամբ պիտի շարժվեք եւ ինչ արժե անել, դա ձեզ կազատի ապատիայից եւ կթեթեւացնի հետտոնական սթրեսը:

Աշխատանք

Մասնագետը խորհուրդ է տալիս աստիճանաբար վերադառնալ սովորական աշխատանքային օրակարգին: Ցանկալի է, որ առաջին աշխատանքային օրը լինի շաբաթվա կեսին կամ վերջին.այդպես անհամեմատ ավելի հեշտ կլինի հարմարվել աշխատանքին եւ տրամադրվել դրան: Բացի այդ, չարժե հենց առաջին օրվանից ինքներդ ձեզ աշխատանքով ծանրաբեռնել. դա ընդամենը ավելի մեծ սթրեսի կհանգեցնի:

Հոգեբանի խոսքով, հետտոնական առաջին օրերին շատ կարեւոր է աշխատանքում ընդմիջումներ անելը, ուտելը, ընկերների եւ գործընկերների հետ շփվելը: Լավ միտք է նաեւ երեկոյան տոնական ընթրիքներ կազմակերպելը:

Հոգեբանը նաեւ նշել է, որ իրենց աշխատանքը սիրող մարդկանց համար անհամեմատ ավելի հեշտ կլինի վերադառնալ դրան, մինչդեռ իրենց աշխատանքից դժգոհների համար շատ բարդ կլինի:

loading...