Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված նոր գիրք՝ “Ծագումը: Բացահայտում”

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված նոր գիրք՝ “Ծագումը: Բացահայտում”

19:07 12 Նյմ, 2014

Այսօր` նոյեմբորի 12-ին, տեղի ունեցավ նորզելանդացի գրող Լեն Ուիքսի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված “Ծագումը: Բացահայտում” վեպի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գիրքը հարգում է նաեւ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից ժամանած զինվորների հիշատակը, ովքեր 1915թ. ապրիլի 25-ին վայրէջք կատարեցին Գալիպոլիում` պայքարելու Ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան թուրքերի դեմ:

“Ինձ հաճախ հարցնում են` ինչն է ինձ ոգեշնչել այս գիրքը ստեղծելիս: Գրքի ստեղծմանն ինձ ոգեշնչել է իմ հայուհի կինը՝ Արմինե Հակոբյանը և Հայաստան այցելությունը: Սա ուղղակի վեպ է, սակայն, ինչպես գիտեք, բառերը ավելի զորեղ են, քան զենքը՝ երկրներ են փլուզվել մտքերից: Այս վեպը ստեղծված է հակառակ նպատակով ՝ խաղաղություն բերելու Հայաստանին և իր հարևաններին: Քանի որ գիրքը գրված է արևմուտքի ներկայացուցչի կողմից՝ այն նախատեսված է հենց արևմտյան երկրների ընթերցողների սրտերը բացելու համար”, — գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Լեն Ուիքսը:

Միջազգային ավիացիոն անվտանգության ապահովման մասնագետ Լենը ոգեշնչվում է Արենիով, նրա պատմությամբ: Ողջ Հայաստանն է նրա համար յուրահատուկ, բայց Արենին, Նորավանքը նրա համար հատուկ նշանակություն ունեն: Նրա կարծիքով Հայատանն իր ռեսուրսները արդյունավետ չի օգտագործում, անգամ զարմացած է, որ Հայաստանում զբոսաշրջության նախարարություն չկա:

Հեղինակի երազանքն է տեսնել վեպի էկրանավորումը: Նպատակը` ողջ աշխարհին վեպի հաղորդագրությունը հասցնելն է:

Լենը հավատացնում է, որ ֆիլմի էկրանավորման համար հայերից ֆինանսական միջոցներ չէ, որ ակնկալում է, այլ նրանց աջակցությունը ողջ աշխարհում այս գաղափարի իրականացման համար: Պիտի հասնենք նրան, որ ամբողջ աշխարհում խոսեն այս մասին. այս հարցում յուրքանչյուրի դերն է կարևոր: Ավստրալիայում են նկարահանվել այնպիսի ֆիլմեր, ինչպիսին է “Մատանիների տիրակալը” և այլն: Ֆիլմի ստեղծումը մեծ գումարներ կբերի Հայաստան:

Հեղինակը նախատեսնում է շարունակել եռագրությունը և շուտով հանրությանը ներկայացնել երկրորդ գիրքը, որը նվիրված կլինի հայերի հնագույն պատմությանը:

Իսկ մինչ այդ, ըստ հեղինակի, պիտի միահամուռ աշխատենք, որ այս վեպի մասին խոսեն ողջ աշխարհում:

Երեք հատվածից բաղկացած գիրքը տպագրվել է անգլերեն և վաճառվելու է տպագիր և թվային տարբերակներով: Սակայն գրքի հայերեն օրինակի թվային տարբերակը ազատ հասանելի է հայ ընթերցողներին:

“Ծագումը: Բացահայտում” վեպի պատմությունը սկսվում է 1930թ., խորհրդային ժամանակաշրջանում` Հայաստանի Արենի գյուղում կյանքի մարտահրավերների ուսումնասիրությունից: Գյուղացիներից մեկը չէր գիտակցում, որ մեծ նշանակություն ունեցող գաղտնիքի կրող է հանդիսանում: 1937թ. կայացված մի որոշում փոխում է այն անցյալը, որ մենք գիտենք այսօր․ սա այլընտրանքային պատմություն է: Երբ 1941թ․Ճապոնիան Առանցքի երկրների իր դաշնակիցների հետ որոշում է հարձակվել Խորհրդային Միության վրա, դա հանգեցնում է կոմունիստական պետության անկմանը: Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ, ինչպես իրականում տեղի է ունեցել, իսկ Առանցքի երկրներն իրենց ազդեցությունը տարածում են ողջ Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Ասիայի վրա:

Մարդկային արիության եւ մեր ծագման մասին պատմությունը, հեղինակի խոսքով, նվիրված է Ջիլլին, Արմինեին եւ Կւմբերլիին, “3 կանայք, որ հավատացել են ինձ”:

loading...