12:45 16 Ապր, 2013
Հարցազրույց ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ավագանու ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանի հետ:
- Ինչպես եք գնահատում քարոզարշավի արդյունավետությունը և քաղաքական ուժերի մրցակցությունը:
- Քարոզարշավն ընթանում է շատ նորմալ աշխատանքային մթնոլորտում: Մարդկանց հետ հանդիպումներն անցնում են ջերմ, գործնական միջավայրում և մեր հետագա ծրագրերը շատ ջերմ արձագանքի են արժանանում: Բացի այդ, մենք քաղաքացիներից ստանում ենք ուղերձներ, նոր մտքեր, թե ինչ կարելի է անել, որպեսզի ավելի արագ և արդյունավետ վերացնել խոչընդոտները: Ինչ վերաբերում է մրցապայքարին, ապա մենք հասկանում ենք այն բոլոր գործիքները, որոնցով հատկապես իշխանական թևը ներկայացնող մրցակիցները աշխատում են մեր դեմ: Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում, հասկանում ենք իրենց անհանգստությունը, հասկանում ենք, թե ինչու են այդ գործիքները կիրառվում: Հասկանում ենք նաև, թե ինչու իրենց կողմից ֆինանսավորվող թերթերի պատվիրված հոդվածներում հայտնվում են այնպիսի տեսակետներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և քմծիծաղով, ժպիտով, մեկ-մեկ էլ զարմանքով դիտարկում ենք այդ ամենը: Դա մեզ չի անհանգստացնում, որովհետև մենք հայտնում ենք մեր տեսակետները, անում ենք այն, ինչ ասում ենք և մարդկանց հետ չունենք խարդախ մեթոդներով աշխատելու ցանկություն: Մենք հասկանում ենք նաև այն լրագրողներին, ովքեր այդ թերթերից աշխատավարձ են ստանում և իրենց տունն են պահում, մենք իրենց մաղթում ենք, որ իրենք միշտ կարողանան մեր ներկայացրած տեսակետների խեղաթյուրման հնարավորության շնորհիվ բարձրացնել իրենց ընտանիքների բարեկեցությունը, իրենք էլ են մեր քաղաքացիները, ոչինչ, այդ հնարավորությունն էլ ենք տալիս իրենց: